1915 թ. ապրիլի 24-ին սկսեցին հայերի կոտորածը:
50-60 ձիավորներով մտնում էին և պաշարում գյուղերը: Մի քանի հոգով, ցուցակը ձեռքներին տներից հանում էին տղամարդկանց: Թևերը կապած հավաքում էին գյուղի կենտրոնում: Տասնվեց տարեկանից մինչև 100 տարեկանը բոլորին հավաքում էին, քշում, տանում էին գյուղից դուրս, որևիցե մի ձորի մեջ կոտորում էին, հետո՝ հաջորդ գյուղը: Հերթը եկավ մեր գյուղին: Տղամարդ չկար, հորս բանտարկել էին, հորեղբորս զինվոր էին տարել: Հորս օգնում, բանտից փախցնում են: Բանտապետը ծանոթ է եղել հորս: Ասել էր. «Զաքար քեյա, այս գիշեր ձեզ տանում են սպանեն: Դու ինձ շատ լավություն ես արել: Ես ուզում եմ քեզ մի լավություն անեմ, բանտից դուրս հանեմ: Գնա´, կազատվես, քո բախտից, չես ազատվի, էլի քո բախտից: Ես իմ լավությունը կանեմ»: Եվ գիշերը դուրս է հանում հորս, բարի ճանապարհ մաղթում: Հայրս բանտից դուրս գալուց հետո մտածում է, ու՞ր գնալ, ու՞մ դիմել, ճամփա է ընկնում դեպի տուն: Ճանապարհին հանդիպում է ասքյարներին, որոնք գալիս էին դեպի մեր գյուղ: Երբ հորս են տեսնում, կանչում են. «Գավուր, ու՞ր ես փախչելու, արի էստեղ»: Հայրս ստիպված մոտենում է: «Ասա տեսնենք ու՞ր ես գնում այս ժամին»: Հայրս մտածում է, թե ի՞նչ ասի, որ սրանցից պրծնի. «Օսման բեկն ինձ կանչել է, պիտի գնամ նրա մոտ»: Սրանք չեն հավատում: Մեկն ասում է.«Եկեք սրան սպանենք», մյուսը. «Դարձնենք -տանենք իրենց գյուղ», սկսում են վիճել: Մեկը, թե՝ փողերը հանի, մյուսը՝ ոսկի ժամացույցը, մյուսը, թե. «Ժամացույցն ինձ տուր»: Հայրս ասում է. «Ինձ մի´ սպանեք, ինչ-որ ունեմ, ձեզ կտամ»: Վերջապես մեջները մի բարի մարդ է լինում, ասում է. «Այ ջանըմ, մեկ է սրան սպանելու են, ինչու՞ մենք մեղքի տակ մտնենք, փողերը կառնենք, թող գնա»: Համաձայնվում են, ինչքան ոսկի կար մոտը, ժամացույցը տալիս է: Մեկը հագի ժակետն է ուզում, հանում տալիս է: Այդպիսով հազիվ ձեռներից պրծնում է: Հասնում տուն:
Անցնում է մի քանի օր, մեր տուն է գալիս քուրդ հարևանը (մենք նրա քիրվան էինք), կանչում է հորս, առանձին ասում. «Քիրվա ջան, մեզ լավություն շատ ես արել, եկել եմ ասեմ տխուր լուր: Թուրքերն օրերս բոլոր հայերին պիտի կոտորեն: Գյուղից բացակայիր, թե ոչ, չե´ս ազատվի: Ես իմ բարոյական պարտքս արեցի, դու գիտես»: Այդ պահին ես բոլորը լսեցի դռան հետևից: Հայրս առանց հապաղելու կանչեց մորս, ասաց. «Ես բացակայելու եմ տանից, գուցե այլևս չտեսնվենք: Տանը և երեխաներին լավ նայիր»: Լավ հիշում եմ, մի քանի ոսկի լցրեց քիսիկը և մի քիչ չոր սեր՝ լավաշի մեջ, որ մեզ մոտ միշտ պատրաստում էին: Դրեց կոտիկը: Բոլորիս համբուրեց, արտասուքն աչքերին տանից դուրս ելավ: Կլիներ գիշերվա 12-ը, թե ու՞ր գնաց՝ պարզ չէր: Հայրս մտածում է մի քանի վայրկյան ու հիշում է, որ Օսման բեկին ժամանակին շատ լավություն է արել: ՈՒ գիշերով դուրս է գալիս հանդի միջով, ցորենների միջով, գնում, գիշերվա 4–ին հասնում Բեկի տուն: Ծառաները ծանոթ են լինում, դուռը բաց են անում, տանում ներս: Բեկին լուր են տալիս, որ Զաքար քեյան է եկել: Սա զարմանում է, չի հավատում, երբ հորս տեսնում է: Երեք անգամ հարցնում է. «Զաքար քեյա դու՞ ես»:
Հայրս ասում է. «Այո Բեկ, ես եմ»:
«Լավ,-ասում է բեկը,-քանի, որ եկել ես լավ ես արել, քանի ես ու տղաս ողջ ենք, դու մի վախենա, քեզ իմ տանից ոչ ոք չի կարող տանել»:
Հայրս ասում է. «Բեկ, սաղոլ սուն՝ քո կամքը թող լինի»: Կարգադրում է ծառաներին. «Տարեք կանանց բաժին, առանձին սենյակ տվեք: Առայժմ մնա այնտեղ: Քեզ մարդ չպիտի տեսնի, մինչև տեսնենք դրությունը ինչ կլինի»: Թուրքերի մեջ հատուկ օրենք կար, կանանց բաժին ոչ մի տղամարդ իրավունք չուներ մտներ: Եվ հայրս մնում է նրա տանը:
1915 թ. հունիսն էր, որքան հիշում եմ: Սկսեցին գազանաբար կոտորել հայերին, մինչև 14 տարեկաններին, դրանից ցածրերին չէին սպանում, իհարկե, բացառություն լինում էր: Հորս գնալուց 2 օր հետո, դեռ քնած էինք, առավոտ կանուխ մեր տունը շրջապատվեց զինված ոստիկաններով: Դուռը ջարդում են գոռում, գոչում: Մայրս կարգադրեց ծառային. «Գրիգոր, գնա, տես ո՞վ է»: Մենք վախեցած դուրս թռանք անկողնուց: Լաց ու աղաղակ: Մի 10-ի չափ ոստիկաններ ներս խուժեցին մեր տուն, թե՝ «ՈՒր՞ է Զաքար քեյան, գիշերը բերդից փախել է, տեղն ասեք»: Դրանց ղեկավարը՝ Ասլան բեկը, մորս հարցրեց. «Դու՞ ես Զաքար քեայի կինը», մայրս դողալով «Այո» ասաց: «ՈՒ՞ր է Զաքար քեյան»: Մայրս ասաց. «Չգիտեմ, մի քանի օր առաջ նրան հեքիմյաթ կանչել - տարել է, հետ չի եկել»: «Սուտ ես ասում»,- գոչում է Ասլան բեկը, հարվածում մորս: «Շուն հայ, դու հանդգնում ես ինձ խաբել՞, նա բանտից փախել է 2 օր առաջ, շուտ տեղը ցույց տուր»: Եվ անընդհատ մտրակում է: Տունը երկու ժամ խուզարկում են, տակն ու վրա անում: Տեսան չկա, ասացին. «Լավ, նա մեր ձեռքից չի պրծնի»,- ու գնացին:
Այդ դեպքից մի քանի օր անց, մի երեկո երեխաներով նստած ճաշում էինք, մեկ էլ աղմուկ-աղաղակով երկու տասնյակ հայերի ձեռքերը կապած բերեցին մեր բակ: Մի երկու ժամից հետո նորից բերեցին: Մենք արդեն պատրաստվում էինք քնելու: Մեկ էլ ուժեղ հրազենների ձայն ու մարդկանց ճիչեր, լաց՝ խառնված իրար: Դուրս թափվեցինք բակ, ի՜նչ տեսնենք: Դիակ-դիակի վրա, արյան գյոլ է կանգնել: Այդ ամենից հետո գազազած սրիկաները, նրանց, ովքեր դեռ չէին մեռել, կացնով տալիս էին գանգերին, ասելով. «Դեռ կենդանի՞ ես»: Մի թուրք, որ մեր հարևանն էր, մեր ծառա Գրիգորին էր փնտրում, ժամանակին ինչ-որ վիճել էին, որ վրեժը լուծի: Մի քանի տեղ փնտրելով նրան մարագում՝ խոտերի տակ թաքնված տեսավ: Մի կացնի հարվածով սպանեց: Այդպիսով բոլորին կոտորեցին: ՈՒղիղ մի շաբաթ այդ դիակները մնացին մեր բակում: Այնպիսի հոտ էր ընկել, որ հնարավոր չէր մեր տանը մնալ: Մենք փոքր էինք, չէինք կարող տեղափոխել: Տեղացի թուրքերը բողոքեցին, դրանից հետո դիակները հավաքեցին: Մենք մի քանի օրով տեղափոխվեցինք մեր հարևանի տուն, մինչև որ դիակները տեղափոխեն: Բայց մի շաբաթ մոտավորպես հոտ էր գալիս: Մինչև որ գետինը չլվացին, հոտը չանցավ: Դեռ երկու շաբաթ չէր անցել, ոստիկանները խուժան թուրքերի հետ եկան գյուղ, հավաքեցին բոլոր հարսներին, կանանց, երեխաներին, շարեցին գյուղի կենտրոնում ու հրամայեցին. «Ովքեր ուզում են թուրքի հետ ամուսնանալ, նրանց չենք սպանի»: Եվ այդ միջոցին խուժան թուրքերը սկսեցին ջոկել սիրուն աղջիկներին ու կանանց… Ովքեր չէին գնում, զոռով քաշում էին, ծեծելով տանում: Այդ պրոցեսի վերջանալուց հետո հրամայեցին. «Ովքեր հայ երեխաներին պահեն, թուրքացնեն, երեխաների տունն ու եղած գույքը պատկանում է երեխաների պահողին: Ովքեր ուզում են թող գան, քանի հատ երեխա ուզում են թող վերցնեն»: Թուրքական կառավարության կողմից այդպիսի հրաման կար: Այդ ժամանկ, մորս, մեծ հորեղբորս կնոջը՝ իրենց հետ գոգի երեխաները վերցրած, աքսորեցին: Ես, քույրս, հորեղբորս աղջիկը և Սահակը մնացինք մենակ: Անմիջապես մեր հարևանը, որը նաև մեր քիրվան էր (հայրս նրանց քավորն էր՝ քիրվան) իր բլբլած տունը թողեց, 4 երեխով ու կնոջ հետ տեղափոխվեց մեր տուն, վերցնելով մեզ՝ 4 երեխաներիս ՝ ես, քույրս, հորեղբորս տղան իր քրոջ հետ: Ամենամեծը՝ հորեղբորս տղա Սահակն էր 10 տարեկան, ես՝ 8: Չորս մենք էինք, 4 նրա երեխաները, 8 երեխա մեկ տան մեջ, և իբր պիտի խնամեին: Աստված համարի դա խնամել: Փոքր հորեղբորս կնոջը տարան, իսկ մայրս և մեծ հորեղբորս կինը մնացին այդ խմբի մեջ, իրենց հետ ունենալով մեկական տղա՝ մեկը երեք տարեկան, մյուսը՝ հինգ տարեկան: Քանի որ նրանք փոքր էին, մեզ պահող քուրդը հանձն առավ պահել: Մնացած կանանց, իբր թե, քշեցին աքսոր: Մի քանի կիլոմետր տանում են, հասնում են մի փոքր գյուղի՝ Բոռքնե: Այդտեղ հանդիպում են հորս ծանոթներից մեկին, վերջինս ճանաչում է մորս և հորեղբորս կնոջը, ասում է. «Երեխաներին թողեք մեր տունը, երբ վերադառնաք, կվերցնեք երեխաներին, եթե չեկաք, թող մեծանան իրենց համար: Մեղք եք, շալակով մինչև ու՞ր պիտի տանեք»: Երեխաներին թողնում են: Իրենց տանում հասցնում են մի մեծ գետի ափ, որը կոչվում էր (Գոզլուկ) Մազուր: Սրանք կարգադրում են, թե «Նստեք, հանգստացեք»: Մի քիչ հանգստանալուց հետո, հայտարարում են. «Ովքեր ոսկեղեն ունեն, թող հանեն տան, որ չսպանենք»: Այս խեղճուկրակները հանում են, տալիս, որ իրենց չսպանեն: Բայց այս ավազակ գազանները սկսում են կոտորել ու ասում. «Ովքեր կենդանի են, թող կանգնեն, հրացանով խփենք, թե ոչ, կացնով կսպանենք»: Հորեղբորս կինը առաջին զարկի հետ ընկնում է, խեղճ մայրս կենդանի է լինում, կանգնում է, հրացանով խփում են տեղում մահանում է, իսկ հորեղբորս կինը երկու տեղով վիրավորված է լինում: Դիակները քաշում են դեպի ջուրը: Քաշելու ժամանակ տեսնում են, որ հորեղբորս կինը ողջ է, ասում են. «Գավու՞ր, դեռ ո՞ղջ ես» ու քարով խփում են գլխին: Դրանից հետո քաշում են ջրի մեջ: Դիակները այնքան շատ են լինում, որ ջուրը չի կարողանում տանել: Թուրք գյուղացիները գալիս են դիակները խուզարկելու: Հորեղբորս կնոջ ականջներից ոսկե օղեր են լինում կախված: Մեկը տեսնում է և վազում ականջներից պոկում: Այդ միջոցին սա ա՜խ է քաշում, թուրքը վախենում է և հետ քաշվում: Մյուս ընկերը հարցնում է. «Ի՞նչ պատահեց, Հասան»: Սա ասում է. «Պառավը սաղ է»: Այդ ընկերը մի քար է վերցնում, խփում խեղճ կնկա գլխին, ասելով. «Կնիկ է… ուշ է հոգի տալիս»: Սա էլի չի մահանում: Այդպես մինչև լույս դիակների մեջ շարժվում է այս ու այն կողմ, ուժեր հավաքելով վեր կենում դիակների միջից: Շորերը քամում է, դուրս է գալիս, որ գնա, մի թոփալ թուրք, էշ նստած գալիս է այն կողմից, տեսնում հորեղբորս կնոջը, գոռում. «Գավուր, կենդանի՞ ես մնացել, սպասիր գամ քարով քեզ սպանեմ»: Այն կոմից մի երիտասարդ թուրք տղա է անցնում, սա դիմում է. «Տղա, այդ կնոջ առաջը կտրի, գամ սպանեմ»: Տղան գոռում է. «Թոփալ շուն, նա արդեն մեռած է, չե՞ս ամաչում, նստիր էշդ ճամփովդ գնա, թե ոչ, որ եկել եմ քեզ կսպանեմ, կսատկացնեմ»: Հետո դառնում է հորեղբորս կնոջը, թե. «Գնա բաջի, մի վախենա»: Հորեղբորս կինը գնում է, ինքն էլ չգիտի, թե ուր:
Հանդիպում է մի աղբյուրի, խիստ ծարավ է զգում, ջուր է խմում, երեսին թափած արյունը լվանում: Այդ միջոցին մի դեռահաս քրդի բոշա գալիս է աղբյուրից ջուր տանելու: Երբ տեսնում է հորեղբորս կնոջը, ճանաչում է նրան, չնայած արնաշաղախ դեմքին: Ձայն չի հանում, կուժը լցնում է, գնում տուն, սկեսուրին ասում. «Մամա, մի կին տեսա վիրավորված, կարծես Զաքար քեյայի մեծ հարս Սուլթանը լիներ»: Գնում են տեսնում, իրոք նա է: Բերում են տուն, գլուխն անմիջապես խուզում, որովհետև քարով զարկելուց որդ էր ընկել: Յուղը հալում են, լցնում վերքի վրա, սկսում բուժել: Մի երկու ամսից սա լսում է, որ հայրս կենդանի է: Գտնվում է Խարեսիկում, Օսման բեկի մոտ: Բոշաներին խնդրում է. «Ինձ շատ լավություն եք արել, էս մեկն էլ արեք, ինձ տարեք տեգրոջս մոտ»: Սրանք համաձայնվում են: Մի օր էլ մի մարդի հետ, քրդի հագուստով գալիս կանգնում է Օսման բեկի դռան մոտ:
Կոտորածից անցել էր մոտ 3 ամիս, մենք արդեն ընտելացել էինք այդ կյանքին. ցնցոտիների, կեղտի մեջ: Մեզ խստիվ արգելված էր խոսել հայերեն: Մեր անունները փոխել էին՝ անունս դրել էին Հուսեյին, քրոջս անունը՝ Ֆաթիմա: Ինձ պատվիրում էին գառներին պահել, քրոջս և հորեղբորս աղջկան՝ ջուր բերել:
Մի շաբաթ հետո ուրիշ գյուղից մի մարդ եկավ, հորեղբորս տղին՝ Սահակին տարավ: Մենք երեքով մնացինք այդտեղ: Ի՜նչ էր մեր քաշած կյանքը: Մեր մայրերին տանելուց ի վեր ո´չ լողացել էինք, ո´չ էլ շոր փոխել, ուտել դեռ ոչինչ, տան ուտելիքը դեռ չէր վերջացել: Ես առավոտ գառները տանում էի արածացնելու բերդի վրա, երեկոյան բերում տուն: Գյուղում շատ երեխաներ մնացել էին անտեր: Սոված, անտուն թափառում էին, քնում էին փողոցներում և անտերությունից մահանում: Մի օր ես ականատես եղա, թե ինչպես այդ անտեր երեխաներին թուրք երեխաները դնում էին քարի վրա, նշան էին բռնում, թե ով դիպուկ կզարկի և այդպիսով մեկ-մեկ սպանում էին: Մի օր տեսա, որ մի թուրք երիտասարդ մի հայի փոքրիկի՝ 5-6 տարեկան, նստացրել էր քարի գլխին, հրացանով նշան էր բռնում, չնայած երեխան շատ աղաչեց, մենք էլ միջամտեցինք, բայց ոչինչ չստացվեց: Մի անգամ կրակեց, չդիպավ, 2-րդ անգամ դիպավ կրծքին, մեջքից դուրս տվեց գնդակը: Այդ օրից հետո ես վախեցա գառները արածացնելու տանել: Իսկ հերացուս ինձ մի լավ ծեծեց ու մի օր էլ ինձ հաց չտվեց, որպես պատիժ: Ես ինչ կարող էի անել, նորից համաձայնվեցի գառները տանել արածացնելու, բայց վախենալով, որ գուցե մի օր էլ ինձ նշանախաղ անեն: Անցավ մի քանի շաբաթ, երբ մի օր հերացուս ասեց. «Հուսեյին, այսօր միասին պետք է գնանք Բոռքնե»: Ինչ-որ անասուն պիտի բերեինք այնտեղից: Վերկացանք, գնացինք: Ես էլ ուրախացա, որ կգնամ, մեր երեխաներին կտեսնեմ: Մեր գյուղից մի քանի կմ հեռու, առաջից կրկին անցնում էր Եփրատ գետը: Գյուղի հետևի մասում շատ խիտ անտառ էր, գյուղը բաղկացած էր մի քանի ընտանիքից: Տների մեջ աչքի էր ընկնում մի գեղեցիկ 2 հարկանի քարե շենք, որը պատկանում էր Հայմեդ աղային: Ընթերցողը կհիշի. մորս և հորեղբորս կնոջը տանելուց հետո, եղբորս և հորեղբորս տղային վերցնում են ձեռքերից, թե. «Մենք կպահենք», և այդ երեխաներին հանձնում են աղախնի հսկողությանը, որը մի թուրքի աղջիկ էր: Դե պարզ է, թե թուրք աղջիկը ինչպես պիտի նայի: Հենց մտանք բակ, իմ եղբորը տեսա: Կուչ էր եկել մի անկյունում, արևի տակ տաքանալու, որովհետև եղանակն արդեն ցուրտ էր: Գրկախառնվեցինք: Հերացուս, որ տեսավ, ինձ պատվիրեց, որ մնամ տեղում, տեղ չգնամ, մինչև գա: Եվ ինքը բարձրացավ վերև: Փոքր եղբայրս լաց լինելով անդադար կրկնում էր. «Ապար, ինձ այստեղից տար, ես չեմ մնա»: Ես որոշեցի անպայման տանել, թե չէ սրա գլուխն էլ կուտեին: Այդ խոսակցության մեջ էինք, երբ հայտնվեց հերացուս. «Հը՞ չկշտացար, վեր կաց գնանք»: Ես փաթաթվեցի հորս ոտքերին. «Տեսնու՞մ ես, հորեղբորս տղին խեղդել են, սրան նույնպես կխեղդեն»: Նա ինձ վրա ջղայնացավ, թե ձեզ շատ կարող եմ պահել, որ այդ լակոտին էլ տանեմ: Ընկա ոտքերը աղաչանք-պաղատանք արի, ոչինչ չօգնեց: Երկու եղբայր իրարից պոկ չէինք գալիս: Սրիկան քաշեց եղբորս թևից, պոկեց ինձանից, այդտեղ մի գետնահարկ սենյակ կար, գցեց այնտեղ ու դուռը դրսից փակեց: Իմ թևից բռնելով շպրտեց այն կողմ՝ «Շուտ ընկի առաջս»: Իսկ երեխան կտրտում էր իրեն, ուժեղ բախում դուռը: Այդ լացի ձայնը մինչև հիմա ականջիս մեջ է, գուցե գերեզմանում էլ չմոռանամ հարազատիս ձայնը: Վերադարձանք տուն, ես իսկույն գնացի փոքր հորեղբորս կնոջ մոտ, որն ամուսնացել էր մի քրդի հետ, պատմեցի եղելությունը, շատ աղաչեցի, խնդրեցի, որ գնա եղբորս բերի այստեղ պահի միառժամանակ, մինչև տեսնենք ինչ կլինի դրությունը: Այդ անիրավը մերժեց, պատճառաբանելով, թե իր վրա կխոսեն, չի կարող: Գնացի քուրդ մորացուիս մոտ, խնդրեցի. «Հորեղբորս տղին խեղդել են, եղբորս նույնպես վտանգ է սպառնում, գնամ բերեմ այստեղ պահենք»: Նա, թե. «Տեսնում ես 4 երեխա ես ունեմ, 3 էլ դուք եք, 7 երեխա ո՞նց պահեմ, չեմ կարող»: Էլ հույսս կտրվեց: Անցավ մի քանի օր: Գառնարած ընկերներիս ասեցի, վերցրեցինք գառները, ուլերը տարանք այդ Բոռքնե կոչված գյուղը, որ երեխաներին տեսնեմ: Իհարկե տղաներին խաբեցի, թե այն գտնվում էր երեք կմ հեռավորության վրա մեր գյուղից: Նրա տակից էր անցնում մեծ Մազուր գետը: Երբ հասանք, ասացին, թե հորեղբորս տղան լվացվելու ժամանակ ոտքը սահել է, ընկել է ջուրը և խեղդվել, իսկ եղբայրս ողջ էր: Երբ տեսանք իրար, փաթաթվեցինք, լաց եղանք: Իմ առաջին հարցումն եղավ. «Խորեն ջան, Խոսրովն ու՞ր է»: Երեխան լաց լինելով պատմեց, թե աղախինը տարել է գետի ափը լողացնելու, գցել է գետը, խեղդվել է: Այդ լուրը լսելուց ես շատ վշտացա: Ինչքան խնդրեցի, որ եղբորս տա, ուշադրություն չդարձրեց, պոկեց իմ գրկից, գցեց մարագի մեջ, դուռը դրսից փակեց ու մի երկու ապտակ ինձ հասցրեց: Իսկ եղբայրս կատվի նման ճանկռում էր դուռը, լաց լինում: Այդպես բաժանվեցինք իրարից: Մինչ օրս իր ձայնն ականջիս մեջ է և երբեք չեմ կարող մոռանալ, մինչև մահս: Մի քանի օրից նորից գնացի, որ տեսնեմ, այլևս չկար: Վազեցի մտա այդ Հայմեդ կոչեցյալի որջը, որ մի րոպե առաջ իմ սիրելի եղբորը տեսնեմ: Այդ պահին դեմս դուրս եկավ լիրբ աղախինը, ծաղրելով. «Հա՞ եղբորդ ես նայում,- ասաց իր զզվելի ատամները ցույց տալով,- 2 օր առաջ ընկավ կրակի մեջ, վառվեց, մի օր ողջ մնաց ու մահացավ»: Այդ լսելուն պես աչքերս սևացան, վայր ընկա: Թե ինչքան եմ մնացել, չգիտեմ: Մեկն ինձ բարձրացրեց վերև, աչքերս բացեցի, տեսնեմ այդ աղայի կինն է. «Ի՞նչ ես ուզում հայի տղա»: Աղախինն ասեց, որ Զաքար քեայի տղան է, եղբոր համար է այդպես անում: «Հա, որ վառվել էր, նա մահացավ»: Հարցուփորձ արեցի, ասացին, որ լվացվելու ժամանակ ընկել է ջուրն ու խեղդվել: Վերջում իմացա, որ ծառան է գցել ջուրը խեղդել: Ես ասեցի. «Ցույց տվեք, որտե՞ղ եք թաղել, գոնե գերեզմանը տեսնեմ»: Քմծիծաղ տվեցին. «Ի՞նչ գերեզման, գցել ենք գետը»: Այդպես երկու անմեղ երեխաներ զոհվեցին: Ես ողբալով վերադարձա ընկերներիս մոտ, նրանք արդեն պատրաստվում էին տուն վերադառնալ: Երբ տեսան իմ դրությունը, հարցրին. «Ի՞նչ է պատահել, ինչու՞ ես լաց եղել»: Ես նրանց պատմեցի, նրանք էլ շատ վշտացան: Այդ օրից անցել էր 20 օր: Երեխաների հետ դրսում խաղում էի, տեսնեմ մեկն ինձ մատնացույց անելով, ասեց.՝ Սա է: Երկուսն էին, քրդի տարազով: Ջորիների սանձը բռնած կանգնեցին կողքս: ՈՒզում էին ինձ բռնել, փախա: Գոռում են, թե հայ տղա մի փախի, քեզ բան ենք ասում: Ես էլ չեմ լսում: Մեկ էլ սրանք մի կողմից, քուրդ հերացուս մյուս կողմից կալ մեջ արին, բռնեցին: Ես գոռում եմ. «Թողե´ք ինձ, կտանեք, կսպանեք»: Անծանոթն ականջիս գաղտնի հայերենով ասաց. «Մի´ վախեցիր, քեզ տանում ենք հորդ մոտ, հայրդ է մեզ ուղարկել, մենք հայ ենք»: Ես, թե. «Սուտ եք ասում, ինձ խաբում եք, չեմ գա»: Նրանք ո´չ իմ լացին, ո´չ ղալմաղալին ուշադրություն չէին դարձնում: Երեքով բարձրացրին ջորու վրա ու պինդ կապեցին ու քշեցին, արևն արդեն մայր էր մտել: Գյուղից դուրս եկանք ու գնացինք: Ինչքա՜ն լացեցի, աղաչեցի բան դուրս չեկավ, թողեցի ճակատագրի հույսին ու լռեցի: Շատ գնացինք, թե քիչ, չգիտեմ: Մեկն ինձ հայերեն հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: Ես ոչինչ չպատասախանեցի: Սա նորից հարցը կրկնեց: Ես էլ ասեցի, թե Հուսեյին է: Ես համարյա թե հայերենը մոռացել էի, մեզ խստիվ արգելված էր հայերեն խոսել, որ խոսեիր, կսպանեին: Սա հրամայական ձայնով հարցրեց, թե. «Քո իսկական հայ անունը, էդ շան ազգի անունը մի տուր»: Ես նորից չեմ հավատում, մտածում եմ, կարող է՝ ինձ փորձում են: Տեսնեմ իրենք իրար հետ հայերեն են խոսում ու որոշ մարդկանց անուններ են տալիս, թե այսինչ մարդուն այնինչ տեղը սպանեցին… և նոր հավատացի, որ սրանք հայեր են, ասեցի, որ անունս Ստեփան է: Սրանք ասեցին. «Ինչ լա՜վ անուն է, շուտով կգնանք հայրիկիդ մոտ»: Ես իրենց ասում եմ. «Ի՞նչ եք ինձ խաբում, հորս սպանել են, մեր գյուղից մեկը եկել ասել էր, որ հորս դիակը ճանապարհին տեսել են»: Սրանք ծիծաղեցին, ասեցին. «Գիտես ի՞նչ կա, դու ճիշտ ես, երբ Ասլան բեկը մարդ ուղակեց մեր Օսման Բեկի մոտ, թե Զաքար քեյան եկել է քեզ մոտ, պետությունը փնտրում է, և որպեսզի Օսման բեկը հետքը կորցնի, նրանց ասել է, որ էրթան այդ սրիկային ասեն, որ Օսման բեկն ասում է իր մոտ չգա, նա մուսուլման է, իսկ ինքը մուսուլման չէ: Նա օրենքը հասկանում է, իսկ ինքը չի հասկանում»: Հետո ավելացնում է. «Կգնաք կասեք, մենք մեր աչքերով տեսանք նրա դիակը ճանապարհին ընկած: Եթե ուրիշ բան ասեք մի օր սաղ չեք մնա, հասկացաք»: Եվ նրանք քանի՞ գլխանի են, որ այդպես չասեին: Հիմա հասկացար, որ հայրդ կենդանի է: Եվ մատով ցույց տվեց հեռվից երևացող լույսը, թե այնտեղ է հայրս: Եվ իսկապես մի քանի ժամից հասանք ցույց տված տեղը: Երկու հարկանի քարե շենք՝ մեծ հարթակով, երկաթե մեծ դռներով: Երկաթի դարպասի դռան մոտ կանգնեցինք, սրանք դուռը ծեծեցին: Պահակը ներսից խռպոտ ձայնով հարցրեց. «Ովքե՞ր եք»: Սրանք պատասխանեցին. «Աղայի ջորեպաններն ենք»: Պահակը ճրագի լույսով նայեց, նոր դուռը բացեց: Ներս մտանք: Սրանցից մեկը ներս վազեց, մի քանի րոպեից հորս հետ եկան, երբ ինձ հայրս տեսավ, ուշաթափվեց: Ջուր լցրեցին վրան, տեղից բարձրացրին, ուշքի բերեցին: Երբ հարցրին «Ի՞նչ պատահեց քեզ,- ասաց,- բա, ես սե՞նց տղա եմ պահել, էս ի՞նչ օրն է ընկել միակ զավակս, ոտաբոբիկ, շորերը ճղճղած»:
Օսման բեկին լուր հասցրին, որ Զաքարի տղային բերեցին: Կանչեց իր մոտ, 60-ին մոտ մարդ էր, 128 կգ. քաշով, մեծ փորով: Երբ նստած տեղից կանգներ, անպայման մեկ կամ երկու մարդ թևի տակից պետք է բարձրացնեին: Ինքնուրույն չէր կարող կանգնել: Եթե ճանապարհ էր ընկնում, ապա երկու ձի պիտի լիներ հետը, որ փոխեփոխ հեծներ. մի ձին չէր կարող տանել, այնքան ծանր էր: Երբ գնացինք իր մոտ, հորս ասաց. «Զաքար քեյա, ալա քերիմ տուր (Լաց մի լինիր), անողին չի մնա, ոչինչ այդպես չի մնա (օղուլ), անողի տունը քանդվի»: Ինձ կանչեց իր մոտ, նստեցրեց, հարցրեց. «Անունդ ի՞նչ է, քանի՞ տարեկան ես» և այլն: Ասեցի, որ անունս Հուսեյին է: Ասեց ինձ տղա կլինե՞ս, ասեցի՝ այո: Դարձավ հորս. «Հոգ մի ըներ Զաքար քեյա, տղայիդ լավ կպահեն այստեղ»: Իսկույն կանչեց ծառաներին և հրամայեց. «Այս տղային տարեք գլուխը խուզեք, բաղնիքում լողացրեք, մի ձեռք շոր հագցրեք, բերեք ինձ մոտ»: Այդպես էլ արեցին: Ճաշի մեծ սեղան էին պատրաստել: Ինձ կանչեց իր մոտ, նստեցրեց սեղանի շուրջ և ասաց. «Կե´ր, մի´ ամաչիր»: Ես էլ ամաչում էի, չգիտեի, թե որից սկսեմ: Կյանքումս առաջին անգամ էի տեսնում այդպիսի ուտելիքներով հարուստ սեղան, ինչևէ, մի կերպ կերա, որովհետև շատ սոված էի: Սկսեց զանազան հարցեր տալ: Ես կարմրելով, մի կերպ պատասխանում էի: Աչքերս սկսեցին փակվել:
Հայրս ինձ տարավ իր սենյակը, փափուկ անգղնի (անկողնի) մեջ բարկեցի (պառկեցի): Այնքան անու՜շ քնել էի, այդքան տանջանքից հետո: Առավոտը, մոտավորապես ժամը 10-ին աղախինը եկավ, ինձ արթնացրեց, տարավ բեկի թոռների մոտ: Բեկի տղան մի տղա, մի աղջիկ ուներ: Մի հմայիչ, վերին աստիճանի կիրթ մարդ էր, պատվիրեց իր երեխաներին, որ հանկարծ ինձ չնեղացնեն: Երեխաներով արդեն սովորել էինք իրար, մինչև երեկո միասին էինք լինում, ուտել-խմել միշտ իրար հետ: Անցավ որոշ ժամանակ, հայրս ջորեպաններին ուղարկեց քրոջս և հորեղբորս աղջկա հետևից: Նրանց էլ բերեցին: Մի քանի օրից հորեղբորս տղային, որն ուրիշ գյուղում էր, լուր ուղարկեցինք, փախավ եկավ: Եղանք հինգ հոգի: Բեկը մեզ հատկացրեց մի տուն, որն իր պալատին շատ մոտ էր, որովհետև հայրս, բեկի տղան, կառավարիչները առավոտ շուտ պիտի գնային, երեկոյան ուշ գային տուն: Անցավ մի երկու շաբաթ:
Մի օր երեկոյան կողմ տեսնենք քրդի հագուստով երկու կին մտան մեր տուն: Նրանցից մեկը հասավ մեզ, սկսեց համբուրել: Մենք սկսեցինք փախչել իրենից, թե այս քուրդ կինն ո՞վ է, որ մեզ համբուրում է: Այդ միջոցին նա քուրդի հագուստը հանեց: «Ինձ չե՞ք ճանաչում»: ՈՒ սկսեց արտասվել: Մենք վազեցինք, փաթաթվեցինք իրար: Այդ րոպեն շատ հուզիչ էր: Երեկոյան հայրս եկավ, երբ հորեղբորս կնոջը տեսավ, զարմանքից քար կտրեց, չէր հավատում իր աչքերին: Երբ վերջապես խաղաղվեց, ամեն ինչ պատմեց մանրամասն: Հետո ասեց. «Ինձ լուր հասավ, որ դուք այստեղ եք, խնդրեցի իմ փրկարարին, թե ինձ տար Խատեսիկ՝ իմ երեխաների և տեքորս մոտ, և ահա եկանք»: ՈՒրեմն մեր ընտանիքի 50 տոկոսը փրկվել էր, մնացածը կոտորվել էին: Մի առ ժամանակ (մի քանի ամիս) այդպես ապրեցինք:
Ռուսական բանակը այդ ժամանակ գտնվում էր Դերսիմում, քյուրդերի (քրդերի) սահմանին շատ մոտ, Շաքար Դաղի կոչվող սարի մոտ: Մեծ սարն էր դրանց սահմանը: Երբ Ռուսաստանում 1917-ին հեղափոխությունն սկսվեց, զորքն այլևս առաջ չեկավ: Չնայած հայերը մեծ սպասումներ ունեին, որ ռուսը շուտով կտիրի Տաճկաստանին, իրենք կազատվեն: Բայց այդպես չեղավ, չնայած հայ կամավորները շատ օգնեցին ռուսներին: Թուրքիայի ամբողջ ծակուծուկերը գիտեին, բայց հեղափոխությունը խանգարեց, ու այդպես էլ զորքը մնաց իր տեղում: Թուրքերը, օգտվելով առիթից, հանգիստ կոտորեցին հայերին: Երբ ռուսը մոտեցել էր սահմանին, այնտեղ գտնվող հարուստ աղաները, բեկերը քոչում էին դեպի Թուրքիայի խորքերը, որոնց թվում և մեր Բեկը: Նա արդեն իր թանկարժեք և քաշից թեթև իրերը տեղափոխել էր, հորս ասել էր, որ մենք գնում ենք, դու իմ տղայի պես ես, դու կմնաս այստեղ տիրություն կանես: Մնացած ապրանքին, բոլոր ծառաներին և աղախիններին դու ինքդ կղեկավարես: Եվ բոլորին պատվիրել էր. «Զաքար քեյայի ասածը Ձեզ համար օրենք է»: Հորս ասել էր. «Եթե մենք վերադառնանք, կապրենք առաջվա նման, իսկ եթե չեկանք, դու կլինես տանտեր, քեզ հալալ լինի»: Հիշում եմ. այդ օրը հայրս ուշ եկավ տուն: Մենք դեռ քնած չէինք, երբ հորեղբորս կինը հարցրեց. «Ինչու՞ ուշացար»,- հայրս պատմեց, որ դրությունը լավ չէ, Բեկը քոչում է: «Տնտեսությունը ինձ հանձնեց, նրանք այլևս չեն գալու: Չգիտեմ ի՞նչ պիտի լինի: Անբողջ տունը ինձ է վստահել: Ինչպե՞ս թողնենք, գնանք»: Հորեղբորս կինն ասաց. «Աղախիններից լսել եմ, որ ռուսն արդեն մոտեցել է: Արի այստեղից հեռանանք, բեկը գնաց քեզ վտանգ կսպառնա: Մեկ էլ տեսար մի քոսոտ թուրք եկավ, քեզ սպանեց: Առանց այն էլ քու թշնամիները շատ են: Երեխաներին հավաքենք, քուրդի սահմանը մոտ է, 15-18 կիլոմետր»: Եվ այդպես էլ որոշեցին:Հաջորդ օրը հայրս բանալիները հանձնել էր իր տեղակալին` թե լավ չեմ զգում, կարող է առավոտյան չգամ:
Մարիամ ՍՏԵՓԱՆՅԱՆ